Շախմատի կանանց Հայաստանի առաջնությունում փայլուն հանդես եկավ Մարիա Գևորգյանը: Ինը հնարավորից հավաքելով 8,5 միավոր՝ նա հռչակվեց երկրի չեմպիոն: Հատկանշական է, որ վերջին տուրում Մարիան հաղթեց երկրի նախորդ տարվա չեմպիոն Սուսաննա Գաբոյանին, ով ի վերջո հանգրվանեց աղյուսակի երրորդ հորիզոնականում ու արժանացավ բրոնզե պարգևի (6 միավոր): Վերջինիցս կես միավոր ավելի վաստակած Աննա Հայրապետյանին բաժին հասավ Հայաստանի փոխչեմպիոնուհու տիտղոսը: Նշենք, որ առաջնության արդյունքով Մարիա Գևորգյանը մաս կազմեց Հայաստանի կանանց շախմատի ընտրանու:
Տղամարդկանց առաջնության ավարտին մնացել է երեք տուր: Առաջատարը Զավեն Անդրիասյանն է: ՈՒթ հնարավորից նրա ակտիվում է 6,5 միավոր: Անդրիասյանից կես քայլ հեռավորության վրա է Ռոբերտ Հովհաննիսյանը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ